Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի օգնությունը Ուկրաինայի ժողովրդին։ Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահի շնորհավորական նամակում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Զելենսկու խոսքով՝ Ալիևի ղեկավարությամբ Ադրբեջանը, ամրապնդելով իր դիրքերն ինչպես Հարավային Կովկասի տարածաշրջանում, այնպես էլ միջազգային ասպարեզում, կարևոր հաջողությունների է հասել։ Ուկրաինայի նախագահը վստահություն է հայտնել, որ «դա կշարունակվի նաև ապագայում»:
«Բարձր եմ գնահատում Ադրբեջանի մշտական աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև նրա օգնությունը Ուկրաինայի ժողովրդին Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ։ Մենք հույս ունենք, որ այդ աջակցությունը կավելանա», – ասվում է նամակում։
Ավելի վաղ Ադրբեջանն Ուկրաինային մարդասիրական օգնություն է ուղարկել, որը բաղկացած է հիմնական էլեկտրական սարքավորումներից, ավելի քան 800 հազար դոլար գումարի չափով: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրանսֆորմատորների և գեներատորների փոխանցումը «որպես մարդասիրական օգնություն» տարակուսանք է առաջացնում Ռուսաստանի մոտ: