Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել հօգուտ երկու հայկական հիմնադրամների՝ նրանց ունեցվածքը վերադարձնելու հայցով, որը ավելի վաղ փոխանցվել էր թուրքական գանձապետարանին, հաղորդում է Hurriyet Daily News-ը:
Նշվում է, որ Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըի եկեղեցու և Ստամբուլի հայկական «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի անշարժ գույքն ավելի վաղ առգրավվել և հանձնվել է գանձապետարանին։ Երկու հայկական հիմնադրամներ դիմել են ՍԴ՝ համայնքին պատկանող ընդհանուր առմամբ 41 անշարժ գույք վերադարձնելու հայցով։
Պարբերականի տվյալներով՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշել է, որ հիմնադրամների գույքի բռնագրավումը խախտում է Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, ինչպես նաև որոշում է կայացրել վերանայել այդ գործերով ավելի վաղ դատարանների ընդունած որոշումները։