Հունվարի 17-ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական թեմաներ։
«Ռուսական կողմից ընդգծվել է Լաչինի միջանցքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պարամետրերին համապատասխան: Շեշտվել է նաև բոլոր հարակից հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների դուրս գալու կարևորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական կարգավորման առանցքային ուղիների համալիր աշխատանքը վերսկսելու նպատակով»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: