Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը ստուգել է Քելբաջարի (Քարվաճառի) և Լաչինի (Քաշաթաղի) շրջանների մի քանի զորամասերի մարտունակությունը:
Ինչպես հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն, Վելիևը լսել է օպերատիվ իրադրության և մարտական հերթապահության կազմակերպման մասին զեկույցները, հանձնարարականներ տվել «հնարավոր սադրանքները ժամանակին և վճռականորեն կասեցնելու ուղղությամբ»:
Նա նաև ցուցումներ է տվել «զորավարժությունների և պարապմունքների ինտենսիվության բարձրացման, ստորաբաժանումների կառավարման հմտությունների կատարելագործման մասին՝ մարտունակության բարձր մակարդակը պահպանելու նպատակով»։
Բացի այդ, հունվարի 17-ին Քերիմ Վելիևը և Ադրբեջանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Էնվեր Էֆենդիևն այցելել են «Կոմանդոս» զորամաս և Հայաստանի հետ սահմանին տեղակայված այլ զորամասեր։ Նշվում է, որ նրանք հետևել են անձնակազմի ինտենսիվ Լեռնային պատրաստությանը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ թուրքական բանակը և ևս ութ երկրների զինվորականներ համատեղ զորավարժություններ են սկսել Կարսում՝ Հայաստանի հետ սահմանի մոտ։ «Ձմեռ-2023» զորավարժություններն անցկացվում են, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։