Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Յոավ Գալանտը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները, չորեքշաբթի հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Գործակալության տվյալներով՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել իսրայելական կողմի նախաձեռնությամբ։ Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի հետ համագործակցության մակարդակից՝ նշելով, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխվստահության սկզբունքների վրա։
Հասանովն, իր հերթին, շնորհավորել է Գալանտին Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել պաշտպանական ոլորտում կապերի ընդլայնման հարցում։
Կողմերը վճռականորեն դատապարտել են ահաբեկչական գործողությունները, քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները։