Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը եռակողմ հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ, հայտնում է Անադոլու գործակալությունը։
Աքարը՝ գլխավոր շտաբի պետ, գեներալ Յաշար Գյուլերի, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մուսա Ավսեվերի, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրկումենտ Թաթլիօղլուի և ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Աթիլլա Գյուլանի ուղեկցությամբ ժամանել է Կարս՝ հետևելու 2023 թվականի ձմեռային զորավարժությունների դիտորդների օրվա աշխատանքներին, որը նախատեսված է այսօր։
Աղբյուրը հայտնում է, որ նախարարները Սարիղամիշում եռակողմ հանդիպում են անցկացրել։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ռազմական պատրաստության և համագործակցության հարցերի շուրջ։
Նախարարներ Աքարը, Հասանովը և Բուրչուլաձեն փետրվարի 2-ին կհետևեն 2023 թվականի ձմեռային զորավարժությունների ընթացքին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի արևելքում գտնվող Կարս նահանգում շարունակվում են Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր ձմեռային զորավարժությունները։