Թուրքական տարածքում միջազգային գազային հանգույցի ստեղծման աշխատանքները մտել են եզրափակիչ փուլ։ Թուրքիայի Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտնել է, որ դրա հարթակում առաջին առևտրային գործողությունը նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարում։
«Թուրքիայում բնական գազի բաշխման և առևտրի կենտրոնի ստեղծման աշխատանքները մոտենում են ավարտին։ Մենք պատրաստվում ենք առաջին առևտրային գործողությունն իրականացնել արդեն ընթացիկ տարում», – ТАСС-ի փոխանցմամբ՝ Բաքվում գտնվող նախարարի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Դոնմեզը պատմել է, որ կենտրոնի ստեղծման նախագծի իրականացմանը մասնակցելու շուրջ բանակցություններ են անցկացվել մի շարք երկրների հետ: «Բոլոր պետությունների ներկայացուցիչները, որոնց հետ մենք քննարկել ենք այդ հարցը, հայտարարել են նախագծին աջակցելու պատրաստակամության մասին», – նշել է նա:
Թուրքիայի տարածքում հանգույց ստեղծելու գաղափարով, որտեղ կարելի է վերաուղղորդել «Հյուսիսային հոսքով» տարանցման կորցրած ծավալը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովում: Նրա խոսքով՝ խոսքը գնում է ևս մեկ խողովակաշարային համակարգի կառուցման հնարավորության և Թուրքիայում հանգույց ստեղծելու մասին, որի միջոցով գազը կմատակարարվի երրորդ երկրներ, առաջին հերթին՝ եվրոպական, եթե նրանք դրանում շահագրգռված լինեն:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները բազմիցս քննարկել են կենտրոնի ստեղծման հարցը։ Հունվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ մոտ ժամանակներս ծրագրվում է ավարտել նախագծի ճանապարհային քարտեզի պատրաստման աշխատանքները և ձեռնամուխ լինել դրա իրականացման կոնկրետ քայլերին: