Եվրամիությունն աջակցում է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների «հարթակ» դառնալու Թբիլիսիի ցանկությանը, ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ մեկնաբանելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Թբիլիսիում իր հանդիպման մանրամասները, փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը։
«Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը, և այստեղ Վրաստանի դերը որպես կամուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում շատ կարևոր է։ Վարչապետի Ղարիբաշվիլիի հետ քննարկել ենք այդ ուղղությամբ արդեն ձեռնարկված քայլերը, և հուսով եմ, որ ապագայում այս ուղղությամբ Եվրամիության և Վրաստանի, Եվրամիության և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև համագործակցությունն է՛լ ավելի մեծ կլինի»,- ասել է Կլաարը։
Նա հիշեցրել է անցյալ տարի ամռանը Թբիլիսիում կայացած Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ նշելով, որ Վրաստանի մայրաքաղաքը դեռ կարող է բարձր մակարդակի և տարբեր ձևաչափերով հանդիպումների համար հարթակ լինել։
«Այս առումով Վրաստանն աշխարհագրորեն շատ հարմար է, դուք կարող եք արագ և հեշտությամբ գալ այստեղ հարևան երկրներից: Ի վերջո, տրամաբանական է, որ երեք երկրներ, որոնք գտնվում են նույն տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, պետք է փորձեն համագործակցության ոլորտներ գտնել: Օրինակ՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի պաշտպանության և այլ ոլորտներում, ես մեծ ներուժ եմ տեսնում ինչպես հիմա, այնպես էլ ապագայում»,- ասել է Կլաարը։