Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի մոտ կարող է լուրջ դեր ունենալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։ Այս մասին Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի մոտ և Եվրամիությունն ընդհանրապես կարող են որևէ ձևով նպաստել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները զսպելուն և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն: Այս մասին հայտնում է Արմենպրեսը:
Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանն ասել է, որ ուրախ է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին։
«Իսկապես շատ կարևոր է այս թեման, թե ինչպես Եվրամիությունը կարող է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանը ճանաչում է ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունը։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ ԵՄ դիտորդական առաքելությանը մինչև հարյուր անձ է մասնակցում, և երկու տարի է նախատեսված այս առաքելությունը իրականացնելու համար։ Եվ այդ հանձնառությունը կրել ենք՝ որպես տարածաշրջանում կայունությանը շահագրգիռ կողմ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս առաքելությունը ժամանակավոր գործիք է հետագա կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում։ «Սա որևէ կերպ ստատուս-քվո չի երաշխավորում»,- ընդգծեց Ռադմանը։
ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին հայտարարեց, որ դաշինքը քաղաքացիական առաքելություն է ուղարկելու Հայաստանի սահմանամերձ շրջաններ։ Նրա մանդատը երկու տարի է, առաքելության օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։ ԵՄ առաջին դիտորդական առաքելությունը, որը բաղկացած էր 40 փորձագետներից, Հայաստանում էր 2022 թվականի հոկտեմբերի 17-ին և իր աշխատանքն ավարտեց 2022 թվականի դեկտեմբերի 19-ին։