Հայ փրկարարներին հաջողվել է Թուրքիայում փլատակներից անվնաս դուրս բերել երեխայի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը՝ վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանին։
«Այսօր լավ լուր լսեցի, որ մեր փրկարարները փլատակներից դուրս են բերել ողջ երեխայի։ Կյանք փրկելը շատ հուզիչ գործոն է»,- ասել է Էստուկյանը։
Նա պարզաբանել է, որ Դիարբեքիրում փլատակներից դուրս են բերել հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսին և նրա ամուսնուն՝ Չաղդաշ Չանքայանին։ Խմբագրի խոսքով՝ փլատակներում դեռ երկու հայ է գտնվում։
«Ամենայն հավանականությամբ, եղել է մոտ տասը հայ զոհ։ Ես նրանցից ութին լավ գիտեմ, իսկ մնացածներին նույնիսկ անուններով չգիտեմ»,- ասել է «Ակոս»-ի խմբագիրը։
Էստուկյանը հավելել է, որ երկրաշարժից տուժածները դեռ գիշերում են իրենց ավերված տների մոտ՝ սպասելով փլատակներից իրենց հարազատներին փրկելուն։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին: