Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Բաքու: Այս մասին նա հայտնել է Twitter-յան իր միկրոբլոգում:
«Անհամբերությամբ սպասում եմ Ադրբեջանի ղեկավարության հետ առարկայական հանդիպումներին՝ Մյունխենի հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Այսօրվա մահացու ելքով միջադեպն ընդգծում է բանակցությունների առաջմղման հրատապ անհրաժեշտությունը՝ կայունության և արդար խաղաղության հասնելու համար», – գրել է Կլաարը:
ԵՄ հատուկ ներկայացուցչի նախորդ այցը տարածաշրջան տեղի է ունեցել փետրվարի վերջին:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: