Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Իրանի նախագահին ուղղված ուղերձում վարչապետն ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունների պատմամշակութային բազմադարյա հարուստ փորձը յուրատիպ հիմք է ներկայիս բարեկամական մթնոլորտի, բազմատարր փոխգործակցության և հայ ու իրանցի բարեկամ ժողովուրդների միջև ջերմ շփումների համար:
«Աներկբայորեն կարող եմ նշել, որ շարունակելով համագործակցության անշեղ ուղին՝ ընթացիկ տարում նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական բազմաշերտ օրակարգին՝ ի շահ մեր երկու ժողովուրդների և պետությունների բարեկեցության»,- նշել է նա։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում Փաշինյանը շեշտել է, որ դարերի հազարամյա խորքից եկող հայ-իրանական հարաբերությունները՝ թրծված փոխվստահության ու հարգանքի ջերմ մթնոլորտում, առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի և հայ ժողովրդի համար:
«Լիահույս եմ, որ առաջիկայում ականատես կլինենք երկկողմ բազմաշերտ օրակարգի ընդլայնմանը, որը խթան կդառնա մեր բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու աճին՝ ի շահ հայ և իրանցի ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային խաղաղության»,- նշել է նա։
Վարչապետը նաև ջերմորեն շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին համազգային տոնի՝ Նավրոզի առթիվ՝ մաղթելով հավատ՝ դեպի բարեկեցիկ ապագան, իսկ համայնքին՝ առաջընթաց և բարի ձեռնարկների իրականացում: