Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ։
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամային իրավիճակին։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, խաղաղության պայմանագրի, տարածաշրջանի հաղորդուղիների վերագործարկման հարցերի շուրջ։
Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի առնչությամբ, ինչը խոչընդոտում է կայունությանն ու խաղաղությանը միտված ջանքերին։
Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում երկխոսությանն ու խաղաղությանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ընդունի Բաքվի պայմանները, եթե ցանկանում է «հանգիստ ապրել» 29 հազար քառ. կմ տարածքում: «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառ. կմ տարածքում, կա մեկ պայման՝ ընդունել մեր պայմանը՝ պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, մեզ հետ կնքել խաղաղության պայմանագիր և դելիմիտացիայի աշխատանքներ իրականացնել մեր պայմանների համաձայն», – հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։