Ադրբեջանն արգելել է Իրանից նարնջի ներկրումը, հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալությանը:
Նշվում է, որ գործակալության աշխատակիցներն իրականացրել են Իրանից ներկրվող նարինջի բուսասանիտարական զննում, փորձաքննության արդյունքներով դրանցում հայտնաբերվել է ցիտրուսային տրիստեզի վիրուս: Գործակալությունը որոշում է կայացրել ապրիլի 5-ից ժամանակավորապես արգելել իրանցի արտահանողների արտադրանքի ներմուծումն Ադրբեջան
Արգելք է դրվել նաև Բելառուսից ներկրված կարտոֆիլի վրա, պնդում են, որ դրանում հայտնաբերվել են օղակաձև փտածության բակտերիաներ, իսկ 1 դեպքում՝ կարտոֆիլի դարչնագույն փտածության բակտերիաներ:
Իրանից նարինջի ներկրումն արգելելու որոշումն ընդունվել է իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարվածության նոր փուլի ֆոնին, որը սկսվել է Բաքվի հայտարարությունից հետո, որ իրանական ռազմական ինքնաթիռ է թռչում իրանա-ադրբեջանական սահմանին, որից հետո Բաքվում Իրանի դեսպան Մուսավին մարտի 11-ին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ: Մարտի 24-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը եղել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմանների շրջանում՝ երկրի հյուսիս-արևմուտքում և ստուգել իրանցի զինվորականների մարտական պատրաստվածությունը:
Մարտի վերջին կայացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցը Իսրայել, բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նաև պաշտպանական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հարցեր: Մարտի 30-ին Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին հայտարարել էր, որ Ադրբեջանում են գտնվում «սիոնիստական» ուժեր և ԻՊ գրոհայիններ, որոնք բերվել են Սիրիայից և օգտագործվել են Բաքվի կողմից Արցախյան 44-օրյա պատերազմում, Բաքվում այդ հայտարարությունները հերքել են: