Վրաստանն ու Ադրբեջանը հաջողությամբ աշխատում են Միջին միջանցքի իրականացման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ալիևն ասել է, որ «հիանալի հնարավորություններ կան» Միջին միջանցքով նոր բեռներ տեղափոխելու համար: Իր հերթին Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին և Բաքուն համակարգված աշխատանք են տանում Միջին միջանցքի զարգացման ուղղությամբ:
Վրաստանի վարչապետը հայտնել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու ընդլայնման նախագիծը կավարտվի 2024 թվականին: «Մեր նպատակն է մոտ ապագայում վերացնել բոլոր խոչընդոտները, ենթակառուցվածքների համատեղ զարգացումը։ Վրաստանում այժմ նոր նավահանգիստ է կառուցվում։ Մեկ տարի անց կավարտվի ԲԹԿ-ի ընդլայնումը։ Այս քայլերով մենք կկարողանանք ավելի շատ բեռներ տեղափոխել Միջին միջանցքով», – ասել է նա։
Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին (Միջին միջանցք) բացվել է 2017 թվականին։ Միջանցքն անցնում է Չինաստանի, Ղազախստանի, Կասպից ծովի ջրային տարածքով, Ադրբեջանի, Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա և եվրոպական երկրներ։ Երթուղով իրականացվում են կոնտեյներային փոխադրումներ, գործարկվել է երեք կոնտեյներային գնացք: