Երևանը չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի վերջին առաջարկներին, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին։
«Վերջին 43 օրվա ընթացքում Հայաստանը որևէ պատասխան չի տվել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունն ընդգծել է, որ Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ՝ պայմանով, որ «Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից և միանշանակ ճանաչի, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է»։
Մարտի 22-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Երևանն աշխատում է պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկների վրա և շուտով պատասխան կուղարկի Ադրբեջանին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև անվանել է Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների կալանավորումը «օրենքի բոլոր նորմերին և սկզբունքներին դեմ»։
Ապրիլի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Նախիջևանում երկու ադրբեջանցի զինվորների անհետացման մասին։ Նույն օրն ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր հանրապետության տարածքում առաջին ադրբեջանցի զինծառայողին, իսկ հետո՝ ապրիլի 13-ին, երկրորդին բերման ենթարկելու մասին։
Բացի այդ, ապրիլի 13-ին Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջանում սպանվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակը։ Լրատվամիջոցները հայտնել էին, որ մահացածի հեռախոսը հայտնաբերվել է Ադրբեջանի ԶՈւ երկրորդ զինծառայողի կալանավորման ժամանակ։ Ավելի ուշ Գլխավոր դատախազությունը Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինվորականներից վերջինին մեղադրանք էր առաջադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակցի սպանության համար։