Թուրքիայի զինված ուժերի անդրսահմանային գործողությունները չեն ավարտվել, մենք պարզապես սպասում ենք ճիշտ ժամանակին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ TVNET-ի եթերում, փոխանցում է Անադոլու գործակալությունը։
Նա ընդգծել է, որ Անկարայի հակառակորդները փոխել են իրենց ռազմավարությունը՝ հասկանալով, որ օգտագործելով ահաբեկիչներին և կազմակերպելով հեղաշրջման փորձեր, չեն կարողանա փոխել իշխանությունը Թուրքիայում։
«Թուրքիայի թշնամիների ռազմավարության փոփոխության վառ օրինակը մեր երկրի սահմանների մոտ ահաբեկիչների կողմից վերահսկվող գոտի ստեղծելու ծրագիրն էր»,- հայտարարել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ թուրքական բանակի անդրսահմանային գործողությունների շնորհիվ վերջին տարիներին այդ «գոտին պոկվել է 3-4 տեղից»։
«Այդ տարածքների մնացած մասը նույնպես աստիճանաբար կմաքրվի ահաբեկիչներից և ապահովվի անվտանգությունը։ Այսինքն՝ Թուրքիայի զինված ուժերի գործողությունները չեն ավարտվել»,- վստահեցրել է Էրդողանը։