Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարել է, որ պետության ղեկավարի առողջական վիճակի վատթարացման և այդ կապակցությամբ բժիշկներին վիրահատության նախապատրաստելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ուշադրություն մի դարձրեք հասարակական կարծիքը շահարկելուն ուղղված չհիմնավորված պնդումներին։ Նախագահի առողջական վիճակի մասին մի շարք հաշիվներում տեղ գտած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ապրիլի 25-ին տեղական հեռուստաալիքին հարցազրույց տալիս ուղիղ եթերում Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր։ Հեռարձակումն ընդհատվել էր այն բանից հետո, երբ լրագրողն սկսել էր Թուրքիայի ղեկավարին հարց ուղղել կառավարության ապագա վերադասավորումների մասին: Հաջորդ օրը Էրդողանի մասնակցությամբ բոլոր պաշտոնական միջոցառումները չեղարկվել էին։
Ավելի ուշ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ Թուրքիայի պետության ղեկավարի ներկայիս վիճակը կարելի է բնութագրել որպես «շատ լավ»։