Կոչ ենք անում Հայաստանին ընդունել մեր ադրբեջանցի եղբայրների կողմից մեկնած «խաղաղության ձեռքը» (չակերտները՝ Armenia Today-ի), թուրքական APA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Արևմտյան երկրների կողմից ուղարկված ոչ մի զինամթերք չի կարող փոխարինել այն խաղաղությանը, որը կբերի կայուն խաղաղ միջավայրը: Մեր ամենամեծ ցանկությունն է, որ հայությունը բաց չթողնի 30 տարի անց ի հայտ եկած խաղաղության հնարավորությունը՝ կրկին տարբեր պատրանքներ կառուցելով։ Այստեղից ևս մեկ անգամ կոչ ենք անում Հայաստանին ընդունել մեր ադրբեջանցի եղբայրների կողմից մեկնած խաղաղության ձեռքը։ Կրկնում եմ, որ մենք՝ Թուրքիան, նույնպես պատրաստ ենք Ադրբեջանի հետ համագործակցությամբ գործընթացի հաջողության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանի խոսքով՝ ավելի ճիշտ կլինի, որ Հայաստանի ժողովուրդը և ղեկավարները անվտանգություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ խաղաղության և հարևանների հետ համագործակցության մեջ:
Թուրքիայի նախագահը հայտարարել է նաև, որ Արևմուտքի որոշ ուժեր դեռ չեն կարողանում հասկանալ, որ ղարաբաղյան պատերազմով տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվել։
«Մենք տեսնում ենք նրանց, ովքեր կանգնած են նոր խաղերի հետևում Կովկասում։ Արևմուտքի որոշ ուժեր դեռ չեն կարողանում հասկանալ, որ ղարաբաղյան պատերազմով տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվել։ Նրանք, ովքեր տարիներ շարունակ հրահրում են Հայաստանը՝ իրենց համար օգուտ փնտրելով այս աշխարհագրությունում ապրող բոլոր մարդկանց տառապանքներից, դժվարություններից ու բախումներից, իրականում մեծագույն վնաս են հասցրել հայությանը։ Հայերին շահագործելով ու օգտագործելով՝ դատապարտեցին նրանց անվստահության ու տվեցին դատարկ երազանքներ, որոնք հնարավոր չէր իրականացնել։ Հայաստանը պետք է տեսնի և ընդունի այս իրողությունները»,- ասել է նա։