Վրաստանը և Ադրբեջանը «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղիներ» («BTKI Railways») անվանումով համատեղ ձեռնարկություն են ստեղծել, որի պատասխանատուներն են «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի և «Մարաբդա-Կարծախի» ՍՊԸ-ի (Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային միջանցքի վրացական մասնաճյուղի օպերատոր) աշխատակիցները, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նոր ձեռնարկությունը պատասխանատու կլինի Մարաբդա-Կարծախի հատվածում Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղային գծի ենթակառուցվածքային հատվածի շահագործման և կառավարման, ինչպես նաև ԲԹԿ-ի միջոցով բեռնափոխադրումների արդյունավետ կազմակերպման և նոր բեռների ներգրավման համար։
Ըստ ԶԼՄ-ների՝ Բաքվում հայտարարել են, որ համատեղ ձեռնարկությունն ուղղված կլինի տարածաշրջանային տրանսպորտային կապերի ամրապնդմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արդիականացման և ընդլայնման աշխատանքներն ավարտվել են, և գծի տարեկան թողունակությունը 1 միլիոն տոննայից հասել է 5 միլիոն տոննայի:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվել է ադրբեջանա-վրաց-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա: Նախագիծը ներառում է Կարս-Ախալքալաք նոր մայրուղին՝ 98 կմ երկարությամբ, որից 68 կմ-ն անցնում է Թուրքիայի, 30-ը՝ Վրաստանի տարածքով: