Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն ավելի հիմնարար են, քան բոլոր նախորդները, և խաղաղության և պատերազմի միջև կդառնան յուրօրինակ հանրաքվե, հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է «Սպուպնիկ Գրուզիա»-ն։
Նշվում է, որ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով (կուսակցությունների ցուցակների հիման վրա)։
«Այս ընտրությունները չափազանց սկզբունքային են։ Սա հանրաքվե է խաղաղության և պատերազմի միջև, սա հանրաքվե է քարոզչության և ավանդական արժեքների միջև և, իրականում, ընտրությունը պարզ է. ընտրությունը պետք է կատարվի հօգուտ խաղաղության, բարոյականության և երկրի լուսավոր ապագայի»,- ասել է Կոբախիձեն։
Ըստ հրատարակության՝ կուսակցությունների ընտրական ցուցակներում պատգամավորի առանձին թեկնածուներին կարելի է անվանել պատվիրակներ, այսինքն՝ ընտրատարածքներում ընտրողների պոտենցիալ ներկայացուցիչներ։
«Վրացական երազանք» կուսակցությունը օգոստոսի 18-ին հրապարակել էր իր ընտրական ցուցակի մի մասը՝ 22 պատվիրակ, որոնցից յուրաքանչյուրը պետք է պատասխանատու լինի ընտրատարածքներից մեկում նախընտրական քարոզարշավի համար, իսկ ընտրություններից հետո խորհրդարանում պաշտպանի այդ շրջանի ընտրողների շահերը։
Հրատարակությունն ընդգծել է, որ «Վրացական երազանք»-ն ընտրություններին կգնա միասնական ցուցակով՝ իր գործընկեր խորհրդարանական մեծամասնության՝ «Ժողովրդի իշխանություն» կուսակցության հետ։
Նոր քաղաքական հարթակ են ստեղծել նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը և «Աղվաշենեբելի ռազմավարությունը»։ Վերջինս հիմնադրվել է 2016 թվականին «Ազգային շարժումից» առանձնացած Արդարադատության նախկին փոխնախարար Գիորգի Վաշաձեի կողմից։ Նրանց միացել է նաև «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը։
Ընդդիմադիր երեք կուսակցություն որոշել է ընտրություններին գնալ մեկ ընտրացանկով։ Դրանք հիմնադրվել են Միխաիլ Սահակաշվիլիի ժամանակ ստեղծված «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին անդամների կողմից: