Ռուսաստանը հավատարիմ է «Զանգեզուրի» վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է Mehr գործակալությունը։
«Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել», – ասել է Շոյգուն։
Ահմադիանը Սանկտ Պետերբուրգում է, որտեղ ընթանում է անվտանգության հարցերով պատասխանատու Brics և Brics+ պետությունների բարձր ներկայացուցիչների 14-րդ հանդիպումը։
Սեպտեմբերի 3-ին Իրանի արտգործնախարարի օգնական և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն երկրում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Իրանը դեմ է կովկասյան տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության։
Օգոստոսի 9-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին վերահաստատել էր ԻՀՀ դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Թեհրանը կողմնակից է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո։