Երկկողմանի տրամաբանության մեջ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանին անցում տալ՝ պարզեցված ընթացակարգով, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ։
«Մեր սոցիալական ցանցերում ու քաղաքական շրջանակներում քննարկում կա, որ եթե այդ ճանապարհը բացվի, դա կլինի հերթական դավաճանությունը։ Այսինքն՝ մենք պետք է ասենք, որ թույլ չենք տալի՞ս մեր տարածքով գնան Արևելյան Ադրբեջանից Նախջևան և Նախիջևանից Ադրբեջան։ Սա ի՞նչ տրամաբանություն է, ի՞նչ խնդիր է լուծելու դա»,- ասել է նա։
Փաշինյանի համոզմամբ՝ խաղաղության պայմանագիրը ՀՀ միջով անցնող բոլոր ճանապարհները բացելու ՀՀ պատրաստակամության մասին է, սակայն դրանք պետք է գործեն ՀՀ վերահսկողության տակ։
«Ճանապարհները պետք է գործեն առանց շրջանցելու, վնասելու, ստորադասելու ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, իրավազորությանը»,- նշել է նա։
Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ն պատրաստ է անցում տրամադրել այն նույն պայմաններով, ինչ Իրանն է տրամադրում Ադրբեջանին։
«Երբ մենք խոսում էինք տարածաշրջանային կոմունիկացիաների մասին, Ադրբեջանի արձագանքն այն էր, որ եթե Հայաստանը չի ուզում, ապա իրենք Իրանի տարածքով կիրականացնեն այդ նախագծերը։ Ուզում եմ մեկ անգամ ևս պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանը պատրաստ է և ուզում է ճշգրիտ նույն պայմաններով անցում տալ Ադրբեջանին, ինչ Իրանն է տրամադրում»,- ասել է նա։
Օգոստոսի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Երևանը սաբոտաժի է ենթարկում Հայաստանի Սյունիքի մարզով կոմունիկացիաների մասին ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։
Սեպտեմբերի 3-ին Իրանի արտգործնախարարի օգնական և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն երկրում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպմանը դեմ էր արտահայտվել կովկասյան տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության։
Սեպտեմբերի 5-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ հարևանների տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած վտանգ կամ սահմանների վերագծում Իրանի համար կարմիր գիծ է։ Սեպտեմբերի 8-ին Իրանի խորհրդարանի պատգամավոր Ֆադահոսեյն Մալեքին հայտարարել էր, որ Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու Ռուսաստանի ցանկությունը «թիկունքից հարված» է և «միանգամայն անընդունելի» Իրանի համար։