Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երևանում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ հանդիպմանը կարևորել է երկու տարվա բանակցություններից հետո մշակված խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներից խուսափելու և համաձայնեցված տեքստով ստորագրման կարևորությունը՝ միտված Հարավային Կովկասում հարատև խաղաղության ապահովմանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանը հիշեցրել է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ հանրահայտ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը։
Կողմերը քննարկել են քաղաքական երկխոսության խորացմանը զուգահեռ նաև ոլորտային ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրի խթանման նպատակով:
«Մեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով, համալրվում նոր բովանդակությամբ՝ կառուցվելով ռազմավարական երկխոսության վրա, և մենք շահագրգռված ենք շարունակել ակտիվ փոխգործակցությունը տարբեր ուղղություններով»,- նշել է նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին Երևանում կայացած Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է անցում ապահովել Ադրբեջանի համար նույն պայմաններով, ինչ Իրանը։ Վարչապետը նաև ասել էր, որ «ճանապարհները պետք է գործեն առանց շրջանցելու, վնասելու, ստորադասելու ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, իրավազորությանը»։