Թեհրանը լիովին պատրաստ է պաշտպանվել զինված ագրեսիայից և «առանց վարանելու արագ, վճռական և ավելի հզոր պատասխան կտա» Իսրայելին, ասված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի՝ Անվտանգության խորհրդի նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում։
«Իրանը լիովին պատրաստ է անհրաժեշտության դեպքում ձեռնարկել հետագա պաշտպանական միջոցներ՝ զինված ագրեսիայի և ուժի անօրինական կիրառումից իր օրինական շահերը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար»,- ասված է նամակի տեքստում։
Իսրայելի վրա հրթիռային հարձակման ժամանակ Իրանի թիրախները ներառել են ռազմաօդային ուժերի բազաները և Մոսադի հետախուզական ծառայության շտաբը, հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին։
«Մենք հնարավորություն ունեինք հարձակվել տնտեսական ենթակառուցվածքների վրա, բայց հարձակվեցինք միայն ռազմական օբյեկտների վրա»,- ասել է Բաղերին:
Նա պարզաբանել է, որ հարձակման են ենթարկվել Նևաթիմի և Հացերիմի ավիաբազաները։ Իրանը նաև հարձակվել է ռազմավարական ռադարների և իսրայելական զրահատեխնիկայի կենտրոնացման վրա։
Հակոտեմբերի 1-ին Իրանը հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ հարվածներն իրականացվել են ի պատասխան Իսրայելի կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի, լիբանանյան «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի, ինչպես նաև ԻՀՊԿ գեներալ Աբբաս Նիլֆորուշանի սպանության։
Իսրայելի բանակը հայտարարել էր, որ իսրայելական և ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգերն արդյունավետ են գործել և խոցել են Իսրայելի վրա արձակված իրանական 180 հրթիռներ։ Ըստ նրանց՝ իրանական հրթիռակոծության արդյունքում Թել Ավիվի տարածքում երկու մարդ թեթև բեկորային վնասվածք էր ստացել։ Իսրայելը նաև հայտարարել էր «Մերձավոր Արևելքին հզոր հարվածներ հասցնելու» մտադրության մասին։