Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը խանգարում է թուրքական կողմի համապատասխան քաղաքական որոշման բացակայությունը, հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
«ՀՀ սահմանադրությունը միայն ՀՀ ժողովրդի գործն է։ Հայաստանը պատրաստ է առանց որևէ նախապայմանի, զուտ հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, ունենալ բաց սահմաններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, հենց վաղը Թուրքիայի հետ ունենալ դիվանագիտական կապեր, Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիր, եթե մեր հարևաններն ունենան նույն քաղաքական կամքը, ինչ Հայաստանտ, դա վաղը տեղի կունենա»,- ասել է Ռուբինյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը, ինչպես 2009 թվականին, պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների: Ռուբինյանի խոսքով՝ Թուրքիայում թյուր պատկերացում կա, թե հայկական սփյուռքը կամ նրա դիրքորոշումը խոչընդոտ են Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման համար:
«Բազմիցս ապացուցվել է, որ դա այդպես չէ»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 30-ին՝ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետում: ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել էին «տարածաշրջանային փոփոխություններին համապատասխան» իրականացնել տեխնիկական կարիքների գնահատում, որը թույլ կտա բացել Ախուրիկ/Աքյակա երկաթուղու սահմանային անցակետը:
Ավելի վաղ Ռուբինյանն ու Քըլըչը չորս հանդիպում էին անցկացրել՝ մեկը Մոսկվայում, երեքը՝ Վիեննայում: Վերջին հանդիպմանը, որը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսի 1-ին՝ Վիեննայում, կողմերը պայմանավորվել էին սեղմ ժամկետներում ապահովել երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ Հայաստանի և Թուրքիայի միջև։