Վրաստանի ընտրություններում օգտագործվել է ընտրակեղծիքներ իրականացնելու «հայկական կարուսել» մեթոդը, Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Մեզ մոտ այդ մեթոդը, չգիտես ինչու, «կոչվում է հայկական կարուսել»։ Ես չգիտեմ, գուցե Հայաստանում դա անվանում են «վրացական կարուսել»։ Ըստ այդ մեթոդի՝ ընտրություններից որոշ ժամանակ առաջ սոցիալապես անապահով մարդկանցից, բանտարկյալների ընտանիքներից տարբեր պատրվակներով վերցնում են անձը հաստատող փաստաթղթերը, իսկ հետո դրանք օգտագործում քվեարկության համար»,- նշել է Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով՝ մեկ անձը հաստատող փաստաթղթով և տարբեր էլեկտրոնային սարքերով քվեարկել է առնվազն 17 անգամ:
«Նրանց տրամադրության տակ են հայտնվել մեծ թվով անձը հաստատող փաստաթղթեր և անձնական համարներ»,- հայտարարել Է Վրաստանի նախագահը:
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել է «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի են դուրս եկել։
Օգոստոսի 19-ին Վրաստանի վարչապես Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։