COP29-ին ընդառաջ՝ հազարավոր բոտեր (ավտոմատացված ծրագիր, որը ցանցի միջոցով կրկնվող առաջադրանքներ է կատարում) Ադրբեջանին գովաբանող և հակահայկական հաղորդագրություններ են համացանցում տարածում, հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով Կատարի Հյուսիսարևմտյան համալսարանի ապատեղեկատվության փորձագետ Մարկ Օուեն Ջոնսի վերլուծությանը։
Ջոնսի վերլուծությունը հիմնված է X սոցիալական ցանցի մոտ 2800 հաշիվների ուսումնասիրության արդյունքների վրա։ Դրանք հոկտեմբերի 17-24-ն ընկած ժամանակահատվածում հրապարակել են շուրջ 10,800 թվիթ, ռեթվիթ և պատասխան:
«Պարզել է, որ հաշիվների գրեթե երեք քառորդն ստեղծվել է այս տարի, և շուրջ երկու երրորդն ուներ բոտերին համապատասխանող գործունեության օրինաչափություն»,- գրել է թերթը:
Նշվում է, որ առնվազն 1800 բոտ X սոցիալական ցանցում քարոզում են նավթի և գազի խոշոր արտադրող Ադրբեջանի վիճահարույց ընտրությունը՝ հաջորդ ամիս ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովն (COP29) ընդունելու մասին։
Վերլուծությունը ցույց է տվել, որ բացի բնապահպանական գրառումներից, բոտերը տարածել են նաև հակահայկական հաղորդագրություններ։
«Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը և Հայաստանը գտնվում էին էթնիկ և տարածքային հակամարտությունների մեջ՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի անկլավի հետ կապված: Նախորդ տարի ադրբեջանական ռազմական ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա՝ տեղահանելով էթնիկ հայ բնակչությանը և քանդելով նրա իրավական, քաղաքական և քաղաքացիական ինստիտուտները»,- գրում է թերթը։
Պարբերականը նշել է, որ բոտերը վերաթվիթել են Ադրբեջանում պահվող 23 հայ բանտարկյալներին արատավորող գրառումները՝ օգտագործելով #CriminalsNotHostages հեշթեգը:
Ջոնսը չի պարզել, թե ով է ստեղծել բոտերը, որոնք ծրագրավորված են կոնկրետ առաջադրանքներ կատարելու համար՝ հաճախ ավելի արագ, քան մարդը կարող է կատարել:
Փորձագետը նշել է, որ Ադրբեջանը, որպես գազ արտադրող երկիր, գտնվում է ուշադրության կենտրոնում, ուստի «տրամաբանական է, որ ինչ-որ կազմակերպություն կփորձի բարելավել իր լիազորությունները՝ արհեստականորեն ուժեղացնելով COP29-ի վերաբերյալ դրական հաղորդագրությունները»։
«Ադրբեջանը փորձում է օգտագործել գագաթնաժողովն իր գլոբալ իմիջը բարելավելու համար՝ չնայած մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների և բնական գազի ծրագրված ընդլայնման վերաբերյալ միջազգային քննադատությանը, որը կլիմայի փոփոխության հիմնական շարժիչ ուժն է»,- հայտնում է թերթը:
Ուսումնասիրությունը պարզել է, որ բազմաթիվ օգտահաշիվներ տարածել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդականներից մեկի՝ Հիքմեթ Հաջիևի գրառումները: Օրինակ, մի քանի բոտ կիսվել են Հաջիևի հոկտեմբերի 23-ի գրառմամբ՝ պնդելով, որ «Ադրբեջանը ցույց է տալիս, թե ինչպես նավթ և գազ արտադրողը կարող է անցնել» վերականգնվող էներգիայի՝ օգտագործելով #COP29 և #COP29Azerbaijan հեշթեգերը։
Նշվում է, որ Ադրբեջանի պետական նավթագազային Socar ընկերությունը և նրա գործընկերները նախատեսում են մինչև 2033 թվականը երկրում գազի տարեկան արդյունահանումն ավելացնել մոտավորապես 32%-ով, ինչպես նաև 17%-ով ավելացնել գազի արտահանումը դեպի ԵՄ: Ներկայում, Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով, նավթն ու գազը բաժին են ընկնում Ադրբեջանի էներգակիրների ընդհանուր մատակարարումների ավելի քան 98%-ին։
Հոկտեմբերի 26-ին Human Rights Watch (HRW) Բաքվում կայանալիք COP29-ին մասնակցող երկրներին կոչ էր արել ընդդիմանալ հանածո վառելիքի արտադրության ավելացմանն ուղղված Ադրբեջանի կառավարության ջանքերին:
Հուլիսի 23-ին ՄՔԴ-ի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայերին կոչ էր արել համաշխարհային շարժում սկսել Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ՝ պահանջելով Ադրբեջանի բանտերից ազատել հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն աջակցություն էր հայտնել COP29-ը համաժողովն ընդունելու Ադրբեջանի դիմումին։ The Guardian-ը կանխատեսել էր ակտիվիստների դժգոհությունը՝ կապված ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովն Ադրբեջանում անցկացնելու հետ։ Դեկտեմբերի 18-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ի անցկացմանը։ Հունիսի 4-ին գերմանացի իրավապաշտպանները Բաքվում COP29-ին ընդառաջ պահանջել էին ազատել հայ բանտարկյալներին։