Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, ելույթ ունենալով Բաքվում COP29-ը համաժողովում, հայտարարել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը մտահոգիչ է, գրում է Deutsche Welle-ն։
Նա ընդգծել է կլիմայի փոփոխության վերաբերյալ համաժողովի կարևորությունը՝ անդրադառնալով նաև մարդու իրավունքների իրավիճակին: Նրա խոսքով՝ լրատվամիջոցներում աշխատող ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունը խիստ մտահոգիչ է։
Նշվում է, որ որպես օրինակ՝ նա հատուկ նշել է տնային կալանքի տակ գտնվող իշխանության քննադատ Գուբադ Իբադօղլուի նկատմամբ ելքի արգելքը։ 2023 թվականին նա ձերբակալվել էր Ադրբեջանում՝ խարդախության մեղադրանքով։
Բերբոքը նաև բացարձակապես անընդունելի է համարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 76 պատգամավորների Ադրբեջան մուտքի արգելքը։ Նախարարի խոսքով՝ դրանք ազդում են նաև Բունդեսթագի գերմանացի ներկայացուցիչների վրա և անհամատեղելի են ԵԽ-ում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների հետ։
Հրատարակությունը նշում է, որ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը միաժամանակ նշել է, որ գագաթնաժողովը պետք է արդյունքներ բերի կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում, որը նա անվանել է մեր ժամանակի անվտանգության քաղաքականության ամենամեծ խնդիրը։
Նոյեմբերի 6-ին «Գեղարդ» հիմնադրամը հայտնել էր, որ քաղաքական հալածանքների ենթարկված և Ադրբեջանից դուրս բնակվող ընդդիմադիր ակտիվիստները Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի (COP29) անցկացման նախօրեին Գերմանիայում բողոքի ակցիա էին անցկացրել։ Նրանք նշել էին, որ Ադրբեջանի բանտերում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, մարդու իրավունքների վիճակը տագնապալի է, իսկ խոսքի ու հավաքների ազատությունը սահմանափակված է։ Հիմնադրամի տվյալներով՝ ներկայումս ադրբեջանական բանտերում 347 քաղբանտարկյալ կա, որոնցից 30-ը լրագրողներ են։