Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերի ժամանակ երկու օրվա ընթացքում շուրջ 150 անձ ենթարկվել է վարչական կալանքի՝ ոստիկանության հրահանգներին չենթարկվելու և մանր խուլիգանության համար, հայտնում է Sputnik Грузия-ն։
Նշվում է, որ իրավապահները բերման են ենթարկել նաև օտարերկրյա 10 քաղաքացու, որոնցից 8-ը Ռուսաստանի քաղաքացիներ են։
Վրաստանում բողոքի ցույցերը նոր թափ էին ստացել նոյեմբերի 29-ին՝ կապված նոյեմբերի 28-ին Վրաստանի իշխանությունների որոշման հետ, ըստ որի՝ մինչև 2028 թվականը նրանք օրակարգից հանել են Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ հանրահավաքներին մասնակցող մարդիկ բողոքում են գոյություն չունեցող խնդրի դեմ։ Ըստ նրա՝ Վրաստանում եվրաինտեգրման գործընթացը չի դադարել։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։
Օգոստոսի 19-ին Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։