Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձով հայտարարել է, որ չի լքի պաշտոնը՝ չնայած դեկտեմբերի կեսերին ավարտվում է իր լիազորությունների ժամկետը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա նշել է, որ խորհրդարանը լեգիտիմ չէ և չի կարող նոր նախագահ ընտրել։
«Ես մնում եմ ձեր նախագահը՝ չկա լեգիտիմ խորհրդարան, և ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող ընտրել նոր նախագահ, հետևաբար, երդմնակալություն չի կարող լինել, և իմ մանդատն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ չկա օրինական ընտրված խորհրդարան»,- ասել է նա։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ ղեկավարությունը հատուկջոկատայիններ է տեղակայել Թբիլիսիի խորհրդարանի մոտ, որտեղ ընթանում է հերթական հակակառավարական ցույցը։
Ըստ գործակալության՝ խորհրդարանի շենքի մոտ մոբիլիզացվել են հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Այնտեղ տեղադրված է նաև հատուկ տեխնիկա։ Կան ջրցան մեքենաներ։
Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերի ժամանակ երկու օրվա ընթացքում շուրջ 150 անձ ենթարկվել էր վարչական կալանքի՝ ոստիկանության հրահանգներին չենթարկվելու և մանր խուլիգանության համար։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ հանրահավաքներին մասնակցող մարդիկ բողոքում են գոյություն չունեցող խնդրի դեմ։ Ըստ նրա՝ Վրաստանում եվրաինտեգրման գործընթացը չի դադարել։
Վրաստանում բողոքի ցույցերը նոր թափ էին ստացել նոյեմբերի 29-ին՝ կապված նոյեմբերի 28-ին Վրաստանի իշխանությունների որոշման հետ, ըստ որի՝ մինչև 2028 թվականն օրակարգից հանել են Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները։
Նոյեմբերի 29-ին Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել բողոքի ցույց իրականացնող ցուցարարների նկատմամբ, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։
Օգոստոսի 19-ին Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։