Վրաստանի իրավապահները գիշերը Թբիլիսիում ձերբակալել են 48 ցուցարարի՝ ոստիկանության հրահանգներին չենթարկվելու և մանր խուլիգանության մեղադրաանքով։ Եվս երկուսին մեղադրանք է առաջադրվել խմբակային բռնություններին մասնակցելու համար, այդ թվում՝ օտարերկրացու, հայտնում է հանրապետության ՆԳՆ-ն։
Գերատեսչությունից հայտնել են, որ ձերբակալվածները հրաժարվել են ենթարկվել ոստիկանության պահանջներին, կատարել են բռնի գործողություններ և տարբեր առարկաներ են նետել ուժայինների ուղղությամբ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով, ընդհանուր առմամբ, բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած բռնի գործողությունների փաստերի հետաքննության շրջանակներում բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր բերման է ենթարկվել 28 մարդ։
Ռուսթավելի պողոտայում հանրահավաքի ժամանակ ցուցարարները քարեր և այլ ծանր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչպես նաև կրակել նրանց վրա հրավառ նյութերով, ինչի հետևանքով վիրավորվել է ոստիկաններից մեկը, պնդում է գերատեսչությունը։
Վրաստանում բողոքի ցույցերը նոր թափ էին ստացել նոյեմբերի 29-ին՝ կապված նոյեմբերի 28-ին իշխանությունների որոշման հետ, ըստ որի՝ մինչև 2028 թվականը նրանք օրակարգից հանել են Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները։
Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ ցուցարարները բողոքում են գոյություն չունեցող խնդրի դեմ, քանի որ եվրաինտեգրման գործընթացը չի դադարել։ Նոյեմբերի 29-ին Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների նկատմամբ, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել։
Հոկտեմբերի 26-ին հանրապետությունում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։