Ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց համախոհները հավաքվել են Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ՝ դժգոհելով երկրի վեցերորդ նախագահի ընտրությունների անցկացման դեմ, որոնք սկսվել են դեկտեմբերի 14-ի առավոտյան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Վրաստանում առաջին անգամ պետության ղեկավարն ընտրվում է ոչ թե ուղղակի քվեարկությամբ, այլ 300 ընտրողներից բաղկացած նիստում։ Նախագահի միակ թեկնածուն «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու, նախկին պատգամավոր, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին է։
Ցուցարարները կարծում են, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, նոր գումարման խորհրդարանը լեգիտիմ չէ, ուստի օրենսդիր մարմինը չի կարող լեգիտիմ նախագահ ընտրել։
Խորհրդարանի մոտ են ոստիկանության լրացուցիչ ուժեր։ Ազատության հրապարակում՝ օրենսդիր մարմնից ոչ հեռու, ՆԳՆ-ն տեղադրել է հատուկ տեխնիկա՝ ջրցան մեքենաներ, կլացնող հրացաններ, ավտոբուսներ՝ ոստիկանության անձնակազմի տեղաշարժի համար։ Հանրահավաքն անցնում է առանց ոստիկանության հետ բախումների։
Վրաստանում բողոքի ցույցերը նոր թափ էին ստացել նոյեմբերի 29-ին՝ կապված նոյեմբերի 28-ին իշխանությունների որոշման հետ, ըստ որի՝ մինչև 2028 թվականը նրանք օրակարգից հանել են Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները։
Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ ցուցարարները բողոքում են գոյություն չունեցող խնդրի դեմ, քանի որ եվրաինտեգրման գործընթացը չի դադարել։ Նոյեմբերի 29-ին Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների նկատմամբ, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել։
Հոկտեմբերի 26-ին հանրապետությունում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։