Ընտրական կոլեգիան Միխեիլ Կավելաշվիլիին ընտրել է Վրաստանի վեցերորդ նախագահ, հայտնում է newsgeorgia.ge-ն։ Նա ստացել է 224 ձայն։ Ընդհանուր առմամբ՝ ընտրություններին մասնակցել է 300 ընտրիչներից 225-ը:
Կավելաշվիլիի հաղթանակի համար անհրաժեշտ էր հավաքել ձայների ընդհանուր թվի 2/3-ը։ Նա միակ թեկնածուն էր, ում ներկայացրել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Նախկինում Կավելաշվիլին պատգամավոր էր և նաև ֆուտբոլիստ։ Վրաստանում առաջին անգամ նախագահն ընտրվել է ոչ թե ժողովրդի ուղղակի քվեարկությամբ, այլ Ընտրողների կոլեգիայի միջոցով։
Ընտրություններն ընթացել են Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության բողոքի ակցիայի ֆոնին, որի մասնակիցները հանդես են եկել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ընտրությունները կեղծվել են, նոր գումարման խորհրդարանը լեգիտիմ չէ, ուստի օրենսդիր մարմինը չի կարող լեգիտիմ նախագահ ընտրել։
Թբիլիսիում բողոքի ցույցերն սկսվել էին նոյեմբերի 29-ին, երբ նախորդող օրը վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը չեն բարձրացնի մինչև 2028 թվականը։