Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույցի ֆոնին չեղյալ է հայտարարել մայրաքաղաքի գլխավոր Ամանորի տոնածառի լույսերի վառման արարողությունը, հայտնում է newsgeorgia.ge-ն։
Նրա խոսքով՝ Ռուսթավելի պողոտայում հավաքվել են «ագրեսիվ ցուցարարներ, որոնք արդեն մի քանի սադրանքներ են կազմակերպել»։ Կալաձեն պնդում է, որ շշեր են նետում բեմի ուղղությամբ։ Քաղաքապետը կարծում է, որ ցուցարարների գործողությունները վտանգ են ներկայացնում այն երեխաների առողջության համար, որոնց համար նախատեսվել էր այսօրվա տոնը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ սադրանք էր անվանել Թբիլիսիի քաղաքապետի՝ ամանորյա տոնը բողոքի ակցիային զուգահեռ անցկացնելու մտադրությունը։ Արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ ամեն երեկո խորհրդարանի մոտ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։
Այսօր ավելի վաղ Ընտրական կոլեգիան Միխեիլ Կավելաշվիլիին ընտրել էր Վրաստանի նախագահ։ Ընտրություններն ընթացել են Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության բողոքի ակցիայի ֆոնին։ Ցուցարարները կարծում են, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, նոր գումարման խորհրդարանը լեգիտիմ չէ, ուստի օրենսդիր մարմինը չի կարող լեգիտիմ նախագահ ընտրել։ Նախագահի ընտրության նախօրյակին Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո մտադիր չէ լքել Օրբելիանի պալատը՝ նախագահական նստավայրը։
Թբիլիսիում բողոքի ցույցերը սկսվել էին նոյեմբերի 29-ին։ Բողոքի ցույցերը վերսկսվել էին այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը չեն բարձրացնի մինչև 2028 թվականը։