Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույցի ֆոնին չեղյալ է հայտարարել մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը, հայտնում է newsgeorgia.ge-ն։
Նրա խոսքով՝ Ռուսթավելի պողոտայում հավաքվել են «ագրեսիվ ցուցարարներ, որոնք արդեն սադրանքներ են կազմակերպել»։ Կալաձեն պնդել է, որ շշեր են նետել բեմի ուղղությամբ։ Քաղաքապետը կարծում է, որ ցուցարարների գործողությունները վտանգ են ներկայացնում այն երեխաների առողջությանը, որոնց համար նախատեսվել էր տոնակատարությունը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ սադրանք էր անվանել Թբիլիսիի քաղաքապետի՝ ամանորյա տոնը բողոքի ակցիային զուգահեռ անցկացնելու մտադրությունը։ Արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ ամեն երեկո խորհրդարանի մոտ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։
Այսօր ավելի վաղ Ընտրական կոլեգիան Միխեիլ Կավելաշվիլիին ընտրել էր Վրաստանի նախագահ։ Ընտրություններն ընթացել են Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության բողոքի ակցիայի ֆոնին, որի մասնակիցները հանդես են եկել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ընտրությունները կեղծվել են, նոր գումարման խորհրդարանը լեգիտիմ չէ, ուստի օրենսդիր մարմինը չի կարող լեգիտիմ նախագահ ընտրել։
Նախագահի ընտրության նախօրյակին Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո մտադիր չէ լքել Օրբելիանի պալատը՝ նախագահական նստավայրը։
Թբիլիսիում բողոքի ցույցերն սկսվել էին նոյեմբերի 29-ին, երբ նախօրեին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը չեն բարձրացնի մինչև 2028 թվականը։