Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի կուրսի փոփոխությունը և ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների դադարեցումը կազդեն Հայաստանի եվրոպական ապագայի վրա, հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։
«Եթե Վրաստանը հայտնվի Ռուսաստանի վերահսկողության տակ, նկատի չունեմ ռազմական միջամտությունը, այլ ընտրությունների և Սահմանադրության փոփոխության միջոցով, ապա մեծ հավանականություն կա, որ դա կազդի Սև ծովի անվտանգության վրա․ այն ամենը, ինչ կապված է Կենտրոնական և Հարավային Ասիայի հետ հաղորդակցությանը։ Դա նաև ազդում է Հայաստանի եվրոպական ապագայի վրա, ուստի սա շատ ավելին է, քան պարզապես Վրաստանի ժողովրդավարությունը կամ նրա քաղաքական ընտրությունները»,- ասել է նա:
Զուրաբիշվիլիի խոսքով՝ «Վրացական երազանք» կուսակցությունը բռնել է ռուսական ճանապարհը, սակայն այնպիսի վարքագիծ է դրսևորում, կարծես ուզում է շարժվել դեպի Եվրոպա։ Վրաստանի նախագահը նաև արևմտյան երկրներին մեղադրել է անվճռականության մեջ։
«Երբ վրացիները գիշեր-ցերեկ կռվում էին, Եվրոպան դանդաղ էր արթնանում և դանդաղ արձագանքում: Մինչ Թբիլիսիում արգելված են եվրոպական դրոշները, վրացիները Բրյուսելից և Վաշինգտոնից դեռևս սպասում են արդյունավետ միջոցների»,- նշել է նա։
Զուրաբիշվիլիի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 29-ին։ Դեկտեմբերի 14-ին ընտրական կոլեգիան Միխեիլ Կավելաշվիլիին ընտրել էր Վրաստանի վեցերորդ նախագահ։ Վրաստանում առաջին անգամ նախագահն ընտրվել է ոչ թե ժողովրդի ուղղակի քվեարկությամբ, այլ Ընտրողների կոլեգիայի միջոցով։
Ընտրություններն ընթացել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության բողոքի ակցիայի ֆոնին, որի մասնակիցները հանդես էին եկել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ ընտրությունները կեղծվել են, նոր գումարման խորհրդարանը լեգիտիմ չէ, ուստի օրենսդիր մարմինը չի կարող լեգիտիմ նախագահ ընտրել։
Թբիլիսիում բողոքի ցույցերն սկսվել էին նոյեմբերի 29-ին, երբ նախորդող օրը վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը չեն բարձրացնի մինչև 2028 թվականը։