Ալիևը Հայաստանն անվանել է «տարածաշրջանի համար սպառնալիքի աղբյուր»։ Ըստ նրա՝ Հայաստանի սպառազինումը «միայն նոր լարվածության կհանգեցնի»։
Նա նաև հայտարարել է, որ «անկախ հայկական պետությունն ըստ էության ֆաշիստական պետություն է»։ «Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանվի կա՛մ Հայաստանի ղեկավարության, կա՛մ մեր կողմից»,- Ալիևի խոսքերն են մեջբերում տեղական լրատվամիջոցները:
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը «պետք է բացվի և կբացվի»։ Նրա խոսքով՝ Հայաստանը չպետք է «աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։
2024թ․ դեկտեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Երևանը Բաքվին առաջարկներ է ուղարկել տարածաշրջանում հաղորդակցությունն ապաշրջափակելու համար։
2024թ․ դեկտեմբերի 13-ին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի Սյունիքի մարզով անցնող երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու շուրջ ընդհանուր ըմբռնում է ձեռք բերվել։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը 2024թ․ դեկտեմբերի 12-ին հայտարարել էր, որ Ադրբեջանն իր տարածքում շարունակում է «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները։ Նա ընդգծել էր, որ «միջանցքի բացումը կախված է Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումից»։