Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Այն տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստում, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Արարողությանը ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանականներ, հասարակական, քաղաքական գործիչներ:
Այնուհետև վարչապետը և տիկին Հակոբյանը ներկա են եղել հրավիրված ընդունելությանը, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: Իր ելույթում Փաշինյանը հայտարարել է, որ Արցախյան ազատամարտը ոչ միայն հայրենիքի մի մասի ազատգրմանն ուղղված պայքար էր, այլև նոր փիլիսոփայական ըմբռնման, նոր մտածողության սկիզբ։ Հենց դա էր, ըստ Փաշինյանի, որ տասնամյակներ անց նաև հիմք դրեց 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին՝ կատարած աշխատանքների համար։ Այնուհետև, Փաշինյանը շնորհավորել է Արցախի նորընտիր՝ չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով:
«Համոզված եմ, որ պարոն Հարությունյանի նախագահության շրջանում Արցախի և Հայաստանի Հանրապետության համագործակցությունն է՛լ ավելի արդյունավետ կդառնա»,-հայտարարել է վարչապետը։