Այս գիշերվանից «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության մասնագետները վերագործարկելու են նոր կայաններ և արդեն մեկ շաբաթ անց Արցախի հիմնական տարածքում ունենալու ենք բարձրակարգ 3G համակարգ, իսկ 4G համակարգ՝ մյուս տարվանից։ Պաշտոնավարման 100 օրվա աշխատանքները ներկայացնելու նպատակով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսօր ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Մենք մշտապես աշխատանք ենք կատարել այդ ուղղությամբ և եկել այն համոզման , որ նոր օպերատորը, որը հայկական չէ, որևէ առավելություն Արցախին չի տալու, հակառակը՝ ունենալու ենք ավելի մեծ խնդիրներ։ Այդ իսկ պատճառով մենք փորձել ենք գործող օպերատորի հետ համաձայնության գալ։ Նախքան պետնախարարի պաշտոնից հրաժարականս այցելել եմ Լիբանան և հանդիպել «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սեփականատեր Պիեր Ֆատուշի հետ։ Մենք համատեղ մշակել ենք ճանապարհային քարտեզ, որը թույլ է տալու Արցախում ունենալ բարձրակարգ կապ և մատչելի սակագներ»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը։
Նախագահի խոսքով՝ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում հունվարի 1-ից արձանագրվելու է կապի ոլորտում սակագների առաջին կտրուկ նվազեցումը, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից ունենալու ենք Հայաստանի գներին համապատասխան կապ՝ անկախ նոր օպերատորի ի հայտ գալու հանգամանքից։
Նախընտրական փուլում հայտարարել եմ, որ ամիսների ընթացքում ունենալու ենք Հայաստանի կապի որակին համապատասխան կապ։ Իհարկե այդ աշխատանքները պետք է սկսված լինեին մայիս-հունիս ամիսներին, բայց կորոնավիրուսի պատճառով սարքավորուոմների մասնագետները չեն կարողացել ժամանել Արցախ։ Այդ իսկ պատճառով «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մասնագետները հեռավար բանակցելով կազմակերպելու են 3G-ի հարցը»,- ասել է Արցախի նախագահը և շեշտել, որ ինչպես և խոստացել է՝ Արցախում լինելու է Հայաստանի որակի կապ՝ Հայաստանի գնին համապատասխան։