Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Մի քանի լրագրողներ վիրավորվել են։ Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Կրակի տակ է հայտնվել Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում։
Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժկական կենտրոնում: Լրագրողներն Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության արդյունքում վիրավորում էին ստացել Մարտունու քաղաքապետարանի շենքում:
Հավելենք, որ ռուսական Дождь հեռուստաալիքի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին էլ հրետակոծության տակ է ընկել ԼՂ Մարտունի քաղաքում, սակայն հասցրել է թաքնվել ռմբապաստարանում:
Տուժել են նաև տեղում աշխատող լրագրողները։
Մարտունիում մեջքի շրջանում վիրավորում է ստացել 24news.am կայքի լրագրող Սևակ Վարդումյանը։
«Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը ևս վիրավորում է ստացել։
«ՍիվիլՆեթի» հինգ հոգանոց նկարահանող խումբն էլ «Գրադի» հրետակոծության տակ է ընկել։ Նրանց շրջանում, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Armenia Today-ը առողջություն և արագ ապաքինում է մաղթում գործընկերներին։
Ի դեպ, ավելի վաղ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել են միջազգային առաջատար 5 տասնյակից ավելի լրատվամիջոցների լրագրողական խմբեր՝ մոտ 200 օտարերկրյա լրագրողներ, որոնց գերակշիռ մասն արդեն իսկ գտնվում է Հայաստանում և Արցախում: Հավատարմագրման դիմումների ընդունումը նույն ինտենսիվությամբ շարունակվում է: