«Մենք ապրում ենք մեր հազարամյա պատմության թերևս ամենավճռորոշ փուլում: Ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են: Նրանք միայն Ղարաբաղի կամ Ղարաբաղի հարցի ետևից չէ, որ եկել են: Նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու նպատակով: Նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է, և նրանք խնդիր են դրել հայոց ցեղասպանությունը շարունակելու այսօր»,- իր ուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց այսօր, այստեղ ուզում եմ ասել, որ հիմա այլևս՝ հայը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Արցախի Հանրապետության քաղաքացին, Դեր Զորի ճամփորդը չէ: Այսօր, քան երբևէ, մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայրենիքը, մեր իրավունքը պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ»,-հայտարարել է վարչապետը։
Նա նշել է, որ դրանում համոզվել է նաև՝ երեկ երեկոյան հեռախոսազրույցներ ունենալով Արցախի Պաշտպանության բանակի Պաշտպանական շրջանների հրամանատարների, դիվիզիաների հրամանատարների, անգամ առաջնագծում գտնվող մի շարք շարքայինների, սպաների և ենթասպաների հետ:
«Նրանց ասել եմ, որ սիրում եմ բոլորին, հպարտանում եմ իրենցով, խոնարհվում եմ իրենց առաջ: Նրանց ասել եմ, որ հայ ազգը, որ նահատակ և կենդանի հերոսների շնորհիվ ճաշակել է հաղթանակի անզուգական համը, այլևս համաձայն չէ որևէ ուրիշ ճակատագրի:
Հաղթանակը, միայն ու միայն հաղթանակը, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում: Այսօր արդեն՝ ժամեր առաջ, Արցախի Պաշտպանության բանակը իրականացրել է ակտիվ հակահարձակողական գործողություններ և հասել էական հաջողությունների՝ ջախջախելով թշնամական մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանումներ:
Մեր թշնամին, որքան էլ վարձկան հրոսակների առատ հոսք ունենա, չի կարող մրցակցել ապրելու և հաղթելու հայկական կամքի հետ, ու մենք համատեղ ջանքերով պիտի կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ նա այլևս երբեք, այլևս երբեք իր ոճրագործ ձեռքերը չպարզի մեր ուղղությամբ, իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին»,-նշել է վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է՝ հաղթանակ: Այդ նպատակի անունն է՝ հաղթանա՛կ:
«Եվ մեզնից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում: Ու մենք կհաղթենք: Ու մենք անպայմանորեն կհաղթենք: Ու չկասկածեք՝ մենք անպայմանորեն կհաղթենք»,-եզրափակել է վարչապետը։