Այսօր ծանր մարտական գործողություններ են ընթացել հյուսիսում եւ հարավում, հատկապես հարավում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հակառակորդը փորձել էր ճեղքել ռազմաճակատի գիծը, սակայն հնարավոր է եղել կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։ Անդադար մարտի տևողությունը եղել է վեցից յոթ ժամ։ Այս ընթացքում, ընդհանուր առմամբ, հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ, անցնող օրվա ընթացքում՝ մոտ 440-450 զինծառայող կամ ահաբեկիչ։ Տվել են մոտ 800-900 վիրավոր»,-հայտնել է Հովհաննիսյանը։
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հակառակորդը հրետակոծել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հնգօրյա մարտերի արդյունքում թշնամին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ: Հայկական կողմն ունի 158 զոհված զինծառահող, 8 քաղաքացիական անձի մահ, շուրջ 200 վիրավոր։
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: