Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտնում են Նախագահի մամուլի ծառայությունից։
Նախագահները քննարկել են Հայաստանում և Բելառուսում ներկա իրավիճակին առնչվող հարցեր։
Նախագահ Սարգսյանը Բելառուսի նախագահին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ:
Արմեն Սարգսյանը, մասնավորապես, անդրադարձել է որոշ լրատվամիջոցների կողմից վերջին օրերին շրջանառվող այն լուրերին՝ թե Բելառուսը վերջերս ռազմական նշանակության բեռ է մատակարարել Ադրբեջանին։ Նախագահ Լուկաշենկոն, այդ տեղեկատվությունը կեղծ բնութագրելով, հստակ ընդգծել է, որ վերջին կես տարվա ընթացքում Բելառուսի կողմից՝ ռազմաարդյունական համալիրի գծով, ո՜չ Ադրբեջանին, և ո՜չ էլ Հայաստանին ռազմական բեռների որևէ մատակարարում չի իրականացվել։
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հակառակորդը հրետակոծել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հնգօրյա մարտերի արդյունքում թշնամին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ: Հայկական կողմն ունի 208 զոհված զինծառահող, 8 քաղաքացիական անձի մահ, շուրջ 200 վիրավոր։
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: