Ադրբեջանի ու Թուրքիայի արարքը տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ռազմական հանցագործություն է համարում։
Armenia Today-ի հետ զրույցում փորձագետը շեշտեց, որ Ադրբեջան- Թուրքիա տանդեմն Արցախի հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ սպանդ է իրականացնում՝ բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների թիրախավորման ժամանակ կիրառելով միջազգային նորմերով արգելված զենքեր։ Ըստ նրա՝ այդ զենքերը մարտավարական հարց չեն լուծում, այլ նախատեսված են բնակչության շրջանում զոհեր և խուճապ առաջացնելու համար։
Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ պատերազմի ընթացքում Թուրքիայի օգնությունը թանկ է նստելու Ադրբեջանի վրա։
Նա նշեց, որ արցախյան հակամարտությանը ներգրավվելով՝ Թուրքիան փորձում է Ադրբեջանին զրկել ինքնավարությունից։
«Արցախն ամենալավ պատրվակն է, որ Թուրքիան սկսի իրագործել իր ծրագրերը։ Իսկ Թուրքիայի օգնությունից հետո, Ադրբեջանը պարտք է մնալու նրան։ Այդ պարտքը պետք է մարվի Ադրբեջանին ինքնավարությունից զրկելով։ Այսինքն՝ Ադրբեջանն իր ինքնիշխանությունը պետք է զոհաբերի։ Թուրքիան ներգրավվելով այս պատերազմում ձեռքի հետ 2 հարց է լուծում՝ հայերի և ադրբեջանցիների։ Ադրբեջանի դեպքում Թուրքիան փորձում է այդ երկիրը լիակատար թուրքականացնել»,- մատնանշեց նա։
Փորձագետը նկատեց, որ պատերազմի հենց առաջին օրը հաղթանակ տոնող Ալիևն այսօր արդեն մանևրում է։ Նրա ձեռագիրն է ապատեղեկատվությամբ կերակրել սեփական ժողովրդին՝ փորձելով հաղթանակի դափնիներ հյուսել։
«Նա այսօր արդեն փորձում է որոշակի բաներ հասկացնել՝ տեղանքը լավ չէ, եղանակն այն չէ։ Օրինակ՝ Գյանջայի ռազմական օդանավակայանի պայթեցման դեպքում շատ մեծ բողոքի ալիք բարձրացավ տեղի ժողովրդի շրջանում։ Եվ մեր կողմից նմանատիպ այլ ռազմական օբյեկտների խոցման դեպքում վստահ կարող եմ ասել, որ Ալիևը Ադրբեջանից պարզապես փախչելու է։ Ինտերնետն անջատված է, ժողովուրդն իրականությանը չի տիրապետում։ Այնուամենայնիվ, եթե արկերը պայթում են տվյալ պետության երկրորդ քաղաքում, ապա ժողովուրդը հասկանում է, որ իրականությունն այդքան էլ այնպես չէ, ինչպես իշխանություններն են իրենց մատուցում»,- շեշտեց նա։
Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել էր Ադրբեջանում ապրող թալիշներին և լեզգիներին՝ հավաստիացրել, որ հայերը նրանց արդարացի պայքարի կողքին են և պատրաստ են բոլոր հնարավոր միջոցներով նպաստել նրանց անկախության ձեռքբերմանը:
ԱՀ նախագահն ասել էր, որ չեն թիրախավորելու այն ռազմական օբյկետները, որոնք գտնվում են Թալիշստանում և Լեզգիստանում։
Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունները կօգտվեն Արցախի կողմից տրված այս կանաչ լույսից։ Թալիշների դեպքում զարթոնքն արդեն նկատելի է։
«Թալիշները դեմ են զորակոչին և ըմբոստանում են։ Բացի այդ՝ ասել, որ նրանց տարածքում գտնվող ռազմական օբյկետներին չենք հարվածում, նշանակում է, որ մենք իրենց կանաչ լույս ենք տվել և նրանք կարող են օգտվել դրանից։ Ադրբեջանում բնակչության շրջանում խուճապ է առաջացել, իսկ կայծը տրված է, սպասենք, տեսնենք, թե կրակն ինչպիսի տարածում կստանա։ Կարծում եմ՝ Բաքվի բռնապետը չունի այդքան ռազմական ուժ, որ և՛ կռվի դաշտում, և՛ ներսում ազգային փոքրամասնությունների տրամադրությունները զսպի»,- նշեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով։ Ռազմաճատում մարտերը շարունակվում են։ Երեկ հայկական կողմը խոցել է Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օդանավակայանը, որտեղից օդանավերը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տարածքում են ագրեսիա իրականացնում: