Քաղաքացիական շենքերի ու կառույցների վրա հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում այսօր ունենք 19 զոհ, 80 վիրավոր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ վիրավորումների բնույթը ճնշող մեծամասնության մոտ ականապայթյունային են, մարմնում առկա են բեկորներ, որոնք էլ դառնում են նաև մահվան պատճառ։
Նախարարը հավաստիացրեց, որ այս պահի դրությամբ թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են և՛ դեղորայքով, և՛ բժշկական սարքավորումներով, և՛ արյան պաշարներով, իրականացվում է օպերատիվ կառավարում։ Անհրաժեշտ սարքերի և դեղորայքի կարիք այս պահին չկա, սակայն, եթե այս իրավիճակը շարունակվի, հնարավոր է լինեն խնդիրներ, որոնք բացառելու համար կատարվում են առաջանցիկ գնումներ։
«Եթե կլինեն անհատներ կամ կազմակերկպություններ, որոնք կցանկանան մեր առողջապահության համակարգին օգնել այդ հարցով, ապա կարող են կապ հաստատել նախարարության հետ, որպեսզի աշխատանքը համակարգված լինի, և, եթե լինում են ձեռքբերումներ, դրանք լինեն անհրաժեշտ սարքավորումներ, ոչ թե՝ ուղղակի սարքավորումներ»,-ընգծեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։