Հոկտեմբերի 5-ին Արցախի և Ադրբեջանի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը ոչնչացրել է Ադրբեջանի 300 զինծառայողի և ոչ զինծառայողի` ահաբեկչի: Այս մասին հոկտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Առավոտվա տվյալների համաձայն` հակառակորդն ունեցել է 300 սպանված` զինծառայող և ոչ զինծառայող` ահաբեկիչներ: Հակառակորդն ունեցել է նաև 11 միավոր զրահատեխնիկայի, 2 ուղղաթիռի, 2 ԱԹՍ-ի կորուստ»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ հակառակորդի այսօր ունեցած կորուստների տվյալները կհրապարակվեն հոկտեմբերի 7-ի առավոտյան:
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հակառակորդը հրետակոծել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ, ներառյալ Ստեփանակերտում։ Տասնօրյա մարտերի արդյունքում թշնամին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ: Հայկական կողմն ունի շուրջ 250 զոհված զինծառայող, տասնյակ քաղաքացիական անձի մահ, հարյուրավոր վիրավորներ։
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: