ԱԺ-ում հերթական քառօրյայի վերջին օրը ԱԺ բոլոր խմբակցությունները հանդես են գալիս ճեպազրույցներով։
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է բանակցությունների մասին Ալիևի ակնարկը հնչել ռազմադաշտում հայկական կողմի հաջողություններից հետո, և թե սեփական հաջողություն ունենալու պարագայում արդյո՞ք կհնչեր նման ակնարկ, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքը չգիտի, թե որն է հաջողությունն Ալիևի համար։
Ողջ գիշեր ռմբակոծվել է Ստեփանակերտը։ Ուստի, խոսել 1994 թվականի հրադադարի, դրա վերակնքման կամ փոփոխության մասին, անիմաստ է, քանի դեռ կրակը սահմանին չի դադարել։ Անդրադառնալով Վ․ Պուտինի հայտարարությանը՝ Մարուքյանն ասաց․
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հայտարարությամբ վերահաստատել է ռազմավարական, դաշնակցային, գործընկերային պարտավորությունները և ասել, որ դա չի կարող որևէ ձևով կասկածի տակ դրվել։ Նա շեշտել է, որ Հայաստանի նկատմամբ ունի պարտավորություն ոչ միայն երկկողմանի, այլ նաև՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում»։
Էդմոն Մարուքյանը Պուտինի հայտարարությունում մի հետաքրքիր փաստ էլ է առանձնացնում։ Ըստ նրա՝ Պուտինն առանձնացրել է՝ Հայաստան, Ադրբեջան և Արցախ։
Այս առումով Պուտինն Արցախի՝ առանձին սուբյեկտ լինելը ճանաչում է իր հռետորաբանությամբ։
«Սա կարևոր ուղերձ է՝ ուղղված թե՛ Ադրբեջանին, թե՛ միջազգային հանրությանը»,- ասաց Մարուքյանն ու շեշտեց, որ Պուտինը, հանդիսանալով Մինսկի խմբի անդամ պետություն, չխախտելով անկողմնակալության սկզբունքը, ավելին չէր կարող ասել։