«Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները վերսկսվել են նոր թափով և՛ հյուսիսային, և՛ հարավային ուղղություններվ»,- այսօր՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հյուսիսում ավելի շատ մարտական գործողություններ են ընթացել, քան՝ նախորդ 2 օրում։ «Հայկական Զինված ուժերը շարունակում են անհրաժեշտ հակահարված տալով հակառակորդին հետ շպրտել ելման դիրքեր։ Մարտերը շարունակվում են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ օրվա ընթացքում հակառակորդը կրել է մեծ քանակով կորուստներ:
Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։