ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շեֆերը ողջունում են Հայաստանի, Ադրբեջանի, և Ռուսաստանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը՝ մարդասիրական հրադադարի մասին, և կողմերին կոչ են անում լիարժեք իրականացնել ստանձնած պարտավորությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խումբը։
«Համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպրչիկը ինտենսիվ քննարկումների մեջ են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ զոհվածների մարմինների և գերիների շուտափույթ վերադարձի պայմանների և լոգիստիկայի շուրջ։ Կողմերին կոչ ենք անում հնարավորինս արագ ապահովել անվտանգության և լոգիստիկայի բոլոր անհրաժեշտ երաշխիքները»,- ասվում է հայտարարությունում։
Հայտարարությունում ասվում է որ, որ համանախագահները շարունակում են ակտիվ աշխատել կողմերի հետ՝ հրադադարի համաձայնության կոնկրետ պարամետրերը հստակեցնելու և համաձայնեցված սկզբունքների ու ձևաչափի հիման վրա կարգավորման հասնելու նպատակով ինտենսիվ առարկայական բանակցություններն ավարտին հասցնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հիշեցնենք, որ Մոսկվայում ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հհրադադարը նախատեսում է հումանիտար նպատակներով ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: